Փաշինյան․ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել

«Մեր անվտանգային ոլորտի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել արտաքին ագրեսիայի ժամանակ, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու հրապարակային կոչեր են հնչեցրել», - այսօր Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի առջև ելույթում հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ ներկայացնելով 2020 թվականից ի վեր ստեղծված վիճակն ու անվտանգային սպառնալիքները։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նմանատիպ սցենար՝ արտաքին ագրեսիա, դաշնակիցների անգործություն, նոր պատերազմի սպառնալիքի կամ հումանիտար ճգնաժամի օգտագործում Հայաստանում ներքին ցնցումներ առաջացնելու, ինքնիշխանությունը վտանգելու, անգամ դրածո կառավարություն ձևավորելու համար, Հայաստանի դեմ մի քանի անգամ կիրառվել է: Սակայն ամեն անգամ Հայաստանի ժողովուրդն ու ժողովրդավարությունն է փրկել Հայաստանի ինքնիշխանությունը, հայտարարեց վարչապետը:

«Բայց ժողովրդավարությունը Հայաստանում շարունակել և շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ, որոնք գործում են գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով՝ արտաքին ագրեսիա, ապա անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցների անգործություն, ապա պատերազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը տապալելու նպատակով օգտագործելու փորձեր, որն արտահայտվում է հիբրիդային տեխնոլոգիաներով ներքին անկայունություն հրահրելով՝ ուղղորդված արտաքին ուժերի կողմից», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Նման իրադրություններ 2020 թվականից ի վեր մի քանի անգամ ենք ունեցել, որոնցից խոշորագույնը Ադրբեջանի լայնածավալ հարձակումն էր Հայաստանի վրա՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, որի հետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա տեղի ունեցավ»:

«Նմանօրինակ ամենաթարմ և ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա: Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում», - ասաց Հայաստանի վարչապետը:

«Բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության և մեր պետության դեմ նյութված հերթական դավադրությունը ձախողվեց», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ շարունակելու է խաղաղության օրակարգը, և որ պատրաստ են Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել, բացել Մեղրիի երկաթուղին՝ ոչ որպես արտատարածքային միջանցք: Բայց նաև մտավախություն հայտնեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսպես կոչված միջանցքի հարցը կարող է դարձնել Հայաստանի դեմ նոր հարձակման և տարածքներ գրավելու պատրվակ:

Azatutyun.am