Ո՞ր քոլեջներում և ուսումնարաններում Արցախի ուսանողները կարող են շարունակել ուսումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

«ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ցանկերում ներկայացված են տրամադրվելիք կրթաթոշակների առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի, ուսուցման ձևերի և ոլորտների.

1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի մասնագիտություններով՝ 245 000 դրամ:

2. Միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ՝

- արվեստի ոլորտի մասնագիտություններով՝ 480 000 դրամ,

- առողջապահության ոլորտի մասնագիտություններով՝ 500 000 դրամ,

- այլ ոլորտների մասնագիտություններով՝ 300 000 դրամ:

3. Միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ մասնագիտություններով՝ 300 000 դրամ:

Ավագ դպրոց հաճախած կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց համար, որոնք կրթությունը շարունակում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով, պետության կողմից կրթաթոշակ չի նախատեսվում:

Պետության կողմից կրթաթոշակ չի նախատեսվում նաև այն ուսանողների համար, որոնք Արցախում ուսում են ստացել ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում և որոշել են ՀՀ–ում ուսումը շարունակել կրկին ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում

Այդ ուսանողները կարող են մինչև հոկտեմբերի 31-ը տեղափոխվել ցանկում ներառված նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ և ստանալ կրթաթոշակ։

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել էր այն բուհերի ցանկը, որտեղ կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:

Հավելենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսանողների թիվը մոտ 4600 է։

Sputnik Արմենիա