«ՏաԹևեր» ճոպանուղին ներառվել է «World Travel Awards» 2023-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

«ՏաԹևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2023 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2023 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն հաղթել է այս անվանակարգը 2021 թ-ին։ Այժմ այն մրցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ:

Հիմնադրամից հայտնում են՝ «ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է «Գինեսի» ռեկորդների գրքում ոչ միայն իր երկարության շնորհիվ, որը 5752 մ է, այլև որպես աշխարհում այս մասշտաբի միակ ինժեներական կառույց, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում: Ճոպանուղու ստեղծման նախագիծն իրականացրել է ավստրիա-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը, որը ճոպանուղիների շինարարության ոլորտում առաջատարն է:

2023 թ-ի հոկտեմբերի 16-ին «ՏաԹևեր» ճոպանուղին նշեց իր գործունեության 13 տարին։ 2010 թ-ից ի վեր ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1,300,000 մարդ: Նրա շնորհիվ Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Տաթև։ «ՏաԹևեր» ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանն ու համայնքների զարգացմանը: Ճոպանուղին կառավարվում է Impulse Business Management ընկերության կողմից։

«ՏաԹևեր» ճոպանուղու օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է՝

1 Անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով

2 Գրանցվել էլեկտրոնային փոստով

3 Հաստատել ստացված էլ. հաղորդագրությունը

4 Սեղմել Vote Now կոճակը

5 Ընտրել World բաժինը

6 Ընտրել 60-րդ տողը՝ World's Leading Cable Car Ride 2023

7 Քվեարկել Wings of Tatev, Armenia -ի օգտին։

Քվեարկության վերջնաժամկետը նոյեմբերի 17-ն է:

News.am