Նա չի կարող անաչառ դատավոր լինել․ Կոչուբաևը Մասիս Մելքոնյանի քաղաքական հայացքների մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատավոր Մասիս Մելքոնյանը չի կարող անաչառ լինել իր քաղաքական հայացքներից ելնելով։ Այս մասին Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննելու դատական նիստից առաջ հայտարարեց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Ավելի վաղ Լևոն Քոչարյանի մեկ այլ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ Մասիս Մելքոնյանը մինչ դատավոր դառնալը եղել է քաղաքական դերակատար, ունեցել է հստակ բացասական վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի պետական ու քաղաքական գործունեության վերաբերյալ, ինչը արտահայտվել է նրա սոցցանցային հարթակում, տարբեր հարցազրույցներում:

«Մենք որևէ ակնկալիք չունեինք և հիմա էլ չունենք, որ Մասիս Մելքոնյանն անհրաժեշտ անաչառությունը կունենա և օբյեկտիվ կլինի, որպեսզի այդ գործով ինքնաբացարկ հայտնի։ Նա չի կարող անաչառ դատարան լինել՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ, քաղաքական թիմի ղեկավարի բացառիկ ատելությամբ, որն ուղղված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ սա բացառապես քաղաքական մոտիվ է և արտաիրավական քրեական հետապնդում է։

Նշենք, որ մինչ այդ, Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգելու համար, քանի որ ծանոթ չէին գործի նյութերին։ Մելքոնյանը հրաժարվել է հետաձգել դատական նիստը։

Sputnik Արմենիա