Բլինքենը Աբասի հետ զրույցում ցավակցություն է հայտնել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցի ընթացքում խորը ցավակցություն է հայտնել Գազայի Ալ-Ահլի հիվանդանոցում պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Պետքարտուղարը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին Միացյալ Նահանգների «շարունակական աջակցության» մասին՝ ընդգծելով, որ «Համասի ահաբեկիչները չեն ներկայացնում պաղեստինցիներին և նրանց օրինական ձգտումները՝ հանուն ինքնորոշման և արժանապատվության, ազատության, անվտանգության և արդարության»։

Պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները միանշանակ դատապարտում է ցանկացած ահաբեկչություն և ընդգծել է Միացյալ Նահանգների վճռականությունը պատերազմի օրենքները պահպանելու հարցում, ներառյալ քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևոր միջոցները: Կողմերը քննարկել են գործընկերների հետ համատեղ Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին հրատապ, կյանք փրկող մարդասիրական օգնության տրամադրումը համակարգելու ԱՄՆ-ի շարունակական ջանքերը, ինչպես նաև հակամարտության տարածումը կանխելուն ուղղված ջանքերը:

News.am