Ավելի քան 800 իրավաբաններ զգուշացրել են, որ Իսրայելը ռիսկի է դիմում ցեղասպանություն իրականացնել Գազայում

«Ավելի քան 800 իրավաբաններ, այդ թվում՝ միջազգային իրավունքի,Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրության փորձագետներ, զգուշացրել են, որ Իսրայելը ռիսկի է դիմում ցեղասպանություն իրականացնել Գազայի հատվածում»,-գրում է The Guardian-ը։

«Մենք ստիպված ենք ահազանգել Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ իսրայելական ուժերի կողմից ցեղասպանության հանցագործության հնարավորության մասին։ Այս հանցագործության ծանրությունը գիտակցելով հանդերձ՝ մենք դրան անլուրջ չենք մոտենում, սակայն ստեղծված իրավիճակի լրջությունը դա է պահանջում»,- նշվում է նրանց հայտարարության մեջ։

«Իսրայելի ներկայիս ռազմական հարձակումը Գազայի հատվածի վրա աննախադեպ է իր մասշտաբներով և դաժանությամբ, որի արդյունքում Գազայի ժողովրդը ծանր հետևանքներ է կրել։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ պաղեստինյան զինված խմբավորումների ներխուժումից ի վեր, ներառյալ հանցավոր հարձակումները Իսրայելի քաղաքացիների վրա, Գազայի հատվածը ենթարկվել է իսրայելական ուժերի շարունակական և անկանոն ռմբակոծությունների»:

«Ստորագրողները «պետություններին կոչ են անում հստակ և բովանդակալից քայլեր ձեռնարկել՝ անհատապես և հավաքականորեն կանխելու ցեղասպանության նկրտումները՝ ցեղասպանություն հանցագործությունը կանխելու իրենց իրավական պատասխանատվությանը համահունչ մնալով: Նրանք պետք է պաշտպանեն պաղեստինյան բնակչությանը և երաշխավորեն, որ Իսրայելը զերծ մնա ցեղասպանության հետագա որևէ հրահրումից և Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի II հոդվածով արգելված գործողություններից»:

Միևնույն ժամանակ, Բրիտանիայի որոշ առաջատար հրեա իրավաբաններ Իսրայելին զգուշացրել են ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների մասին:

«Լորդ Նոյբերգերը, Ֆիլիպ Սենդսը և վեց այլ հայտնի բրիտանացի հրեա իրավաբաններ դատապարտել են ՀԱՄԱՍ-ի ոճրագործությունները՝ համարելով դրանք մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործություններ, սակայն հավելել են, որ «կան օրենքներ, որոնցով մենք բոլորս պետք է առաջնորդվենք»:

«Իսրայելի պատասխանի մեջ որոշ ասպեկտներ կան, որոնք արդեն լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Միջազգային իրավունքն արգելում է պաշարումները քաղաքացիական անձանց նկատմամբ... կոլեկտիվ պատիժն արգելված է պատերազմի օրենքներով։ Բացի այդ, միջազգային իրավունքը պահանջում է, որ զինյալները նվազագույն վնաս հասցնեն քաղաքացիական անձանց կյանքին և ենթակառուցվածքներին»,- FT-ին ուղղված նամակում նշում են նրանք։

«Առաջին օրերին, երբ զգացմունքները տեղի են տալիս, շատերը կարող են չցանկանալ հիշեցնել Իսրայելին միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունների մասին՝ համարելով այն ոչ նրբանկատ կամ անպատեհ: Սակայն մենք դրա հետ համաձայն չենք»։

News.am