ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 23-ին կքննարկեն ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 23–ին կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ԵՄ խորհրդի մամլո ծառայությունը։

Նշվում է, որ ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 23–ին, ժամը 8: 30–ին Լյուքսեմբուրգում։

«Կարծիքներ կփոխանակեն Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող իրադարձությունների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրության մեջ:

Արտաքին գործերի խորհրդի պաշտոնական նիստի ավարտին ԵՄ նախարարները կմասնակցեն ԵՄ–Կենտրոնական Ասիա 19–րդ նախարարական հանդիպմանը՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ:

Sputnik Արմենիա