Արցախում ցեղասպանությունը դատապարտող միջոցառում է տեղի ունեցել Մոնտեվիդեոյում

Նավասարդյան 25-րդ խաղերի շրջանակում ՀՄԸՄ-ի շրջանային հանձնախումբը և Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբը Մոնտեվիդեոյի զբոսավայրում կազմակերպել էին հրապարակային միջոցառում՝ փորձելով հանրությանը տեղեկացնել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ցեղասպանության և էթնիկ զտումների մասին։

Նավասարդյան մարզախաղերի 200-ից ավելի մասնակիցներ՝ Մոնտեվիդեոյի, Բուենոս Այրեսի և Կորդովայի ՀՄԸՄ մասնաճյուղերից, Խրիմյան վարժարանից և Չիլիի հայկական հավաքականից Մոնտեվիդեոյի տառերի առջև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը և հնչեցրել թեմատիկ ելույթներ՝ «1915-ին չէին կարող, 2023-ին չեն կարող։ Արցախում Հայոց նոր ցեղասպանության առջև կանգնած՝ համերաշխություն և պայքար» խորագրով։

Կազմակերպիչները ցուցադրել են տեսանյութ, որը ներկայացնում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական շրջափակումը, խաղաղ բնակչության դեմ ռմբակոծությունները և նրա բնիկ բնակչության արտաքսումը Հայաստան:

AlphaNews.am