Արցախի նախագահ․ Որևէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը
Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ փաստաթղթով պետությունը չի լուծարվել, քանի որ այն ժողովրդի կողմից ստեղծված է։ Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ այս հայտարարությունն արեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին անում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացել են մուտք գործել շենք։ Նրանք փորձում էին հանդիպել Շահրամանյանի հետ, սակայն չհաջողվեց, ինչից հետո նախագահը դուրս եկավ շենքից և սկսեց պատասխանել նրանց հուզող հարցերին։
«Արցախը լուծարված չէ։ Այդ փաստաթղթի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, բայց այսքանիդ մոտ չեմ կարող ասել։ Ե՛վ դրական, և՛ բացասական կողմեր կան։ Որևէ փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով Հ1-ի տաղավարում։ Ես պատասխանը տալու եմ և՛ այս փաստաթղթի, և՛ այն փաստաթղթի մասով, որով սեպտեմբերի 20-ին կանգնեցվել են ռազմական գործողությունները»,- նշեց Շահրամանյանը։
Նա ընդգծեց՝ եթե վստահ լինեին, որ կհաղթեն Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների ժամանակ, ապա մինչև վերջ կգնային: Նախագահը շեշտեց՝ տղաներին են խնայել, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը:
«Եթե պատերազմը 1 ժամ հետո կանգներ, կմտնեին քաղաք, երեխաներին կկոտորեին»,- ասաց Շահրամանյանը։
Sputnik Արմենիա