Շահրամանյան․ Ամեն ինչ պիտի անենք, որ չվտանգենք Արցախի հետագա ճակատագիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում քիչ առաջ ավարտվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և մի խումբ արցախցիների հանդիպումը:
«Հիմնական հարցերին տրվել են պատասխաններ: Հարցերի մեծ մասը սոցիալական հարցերն էին՝ աշխատանքի հետ կապված, տեղավորման հետ կապված: Բոլոր հարցերին տրվել է պատասխան, ինչքան մեր լիազորությունը ներում է: Մենք պատրաստ ենք նաև ձեր հարցերը գույքագրենք ու ներկայացնենք համապատասխան տեղ: Ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված», - հանդիպումից հետո դիմելով դրսում ակցիա անող արցախցիներին՝ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա նշեց, որ ներկայացուցչությունում արցախցիներին երկու սենյակ կտրամադրեն ու այն քաղաքացիները, որոնք ուզում են կամավորության սկզբունքով գույքագրել հարցերը, կունենան այդ հնարավորությունը։
Սամվել Շահրամանյանն ասաց, թե հարցեր կան, որոնց մասին չի ուզում բարձրաձայնել, քանի որ դա մեծ վտանգներ կարող է պարունակել. «Խնդրում եմ այսքանով բավարարվենք, մեր դռները բաց են, կփորձենք լուծել ձեր օրհասական հարցերը», - ասաց նա։
Արցախի նախագահն արցախցիներին կոչ արեց սթափ լինել, սադրանքների չգնալ. «Սա մեզ բնորոշ չէ։ Մենք իրավունք չունենք իրար մեջ նման գործելաոճ դրսևորենք: Խնդրում եմ գնացեք, զբաղվեք ձեր առօրյա հոգսերով, ձեր հարցերի պատասխանները ստանալու եք։ Բարդ իրավիճակում ենք, մեզ միայն ու միայն միասնություն է պետք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չվտանգենք Հայաստանն ու Արցախի հետագա ճակատագիրը», - ընդգծեց Շահրամանյանը։
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ առավոտյան Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, մարդիկ մուտք գործեցին ներկայացուցչության շենք և ցանկանում էին հանդիպել Արցախի նախագահը հետ:
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը համաձայնեց դուրս գալ և դրսում պատասխանել հավաքվածների հարցերին: Նա կարճ ելույթ ունեցավ, ասաց, որ շատ բաներ կան, որոնց մասին չի կարող բարձրաձայն ասել, նշեց, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, քանի որ ոչ մեկը չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը:
Քանի որ իրավիճակը լարված էր և Արցախի նախագահին պարբերաբար ընդհատում էին, նա առաջարկեց դահլիճում հանդիպում կազմակերպել և ներս մտավ շենք:
Կարմիր բերետավորները հսկում են շենք և թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել շենք: Այդուհանդերձ, մի խումբ արցախցիներ ներս են մտել և հանդիպում ունեցել Սամվել Շահրամանյանի հետ:
News.am