ԵՄ-ում հայտարարել են ՀՀ-ում առաքելության ընդլայնման հնարավորության մասին

Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում` ի պատասխան Ադրբեջանի կողմից երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքների: Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Մենք նախագահ Ալիևին հստակ ասել ենք, որ մտահոգված ենք Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման ցանկացած փորձով։ Մեր առաքելությունը կամրապնդվի։ Դա այն է, ինչ մենք ասում ենք Բաքվին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն չի վախենում, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններին թույլ արձագանքի պատճառով Բաքուն կարող է մոտ ժամանակներս հարձակվել Հայաստանի տարածքի վրա։

Հիշեցնենք` Հայաստանում 2023 թ. փետրվարի 20-ին երկու տարով եվրոպական նոր առաքելություն է տեղակայվել՝ բաղկացած 100 մարդուց։ Առաքելության նպատակը ՀՀ սահմանամերձ մարզերում կայունությանը նպաստելն է, վստահության ամրապնդումը տեղում և պայմանների ապահովումկ, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

Sputnik Արմենիա