Իրանի քաղաքաշինության նախարարը Հայաստանում է
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշը բանակցությունների համար ժամանել է Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ իրանական պատվիրակությունը Երևան է ժամանել հոկտեմբերի 23-ին: Իրանական կողմը հանդիպումներ կունենա հայ գործընկերների հետ` ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության զարգացման հարցերով:
Ավելի վաղ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպման ընթացքում կարևորել էին իրանական շինարարական ընկերությունների ներգրավումը Հայաստանում համապատասխան նախագծերի իրականացման գործում: Քննարկվել էր հանքարդյունաբերության և ճանապարհաշինության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունը:
Նշենք, որ Իրանը շարունակում է Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը մնալ (2023-ի առաջին կիսամյակում հինգերորդն է` 344 մլն դոլարի ծավալով)։
Sputnik Արմենիա