Վագիֆ Խաչատրյանի գործով ֆարսը շարունակվում է
Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի «գործով» ֆարսը։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նիստը տեղի է ունենալու Զեյնալ Աղաևի՝ Բաքվի զինվորական դատարանի նախագահի ղեկավարությամբ։ Գործով զեկուցողը դատավոր Ջամալ Ռամազանովն է։
Հիշեցնենք, որ Վ.Խաչատրյանը առաջին արցախյան պատերազմի մասնակից է, առևանգվել է ամռանը Լաչինի միջանցքով ԿԽՄԿ ուղեկցությամբ անցնելիս։ Մարտական գործողություններին մասնակցության համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանր հանցագործությունների կատարման մեղադրանք։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում մարդու առևանգմանը, որը գտնվել է ԿԽՄԿ պաշտպանության ներքո, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլև հայտնվել է մեղադրյալների աթոռին։
Հապճեպ սարքված գործով անցնում է 59 «տուժած», նրանք բոլորը «ճանաչել» են Խաչատրյանին և պատմել նրա կատարած «հանցագործությունների» մասին։
Վագիֆ Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ չի մասնակցել ոչ մի հանցագործության։
News.am