Ֆրանսիացի պաշտոնյան Հայաստանում կօժանդակի Արցախից տեղահանվածներին աջակցելու աշխատանքներին

Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսը Հայաստան է ժամանել Օվերնյը-Ռոն-Ալպի և Սյունիքի մարզի միջև հաստատված գործընկերության շրջանակում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ Կովաքսին ընդունել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

ՀՀ փոխարտգործնախարարը բարձր է գնահատել Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի՝ Հայաստանի հանդեպ բարեկամությունն ու սատարող նախաձեռնությունները` ինչպիսիք են ռեգիոնալ խորհրդի ընդունած 2020 և 2022թթ. բանաձևերը։

«Երկուստեք կարևորվել է փախստականների համար կարճաժամկետ ծրագրերի իրականացման հետ մեկտեղ նրանց համար կայուն կենսապայմանների ապահովման անհրաժեշտությունը։ Այն Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի տնտեսական, առողջապահական ծրագրերի հետ միասին ներառվել է Սյունիքի մարզի հետ համագործակցության առաջնահերթությունների շարքում»,– ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև ընթացիկ տարվա մարտին ռեգիոնալ խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Սյունիքի մարզի հետ համագործակցության հաստատումը: Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 20-ին Հայաստանի համար հումանիտար օգնություն սահմանող` Օվերնյը-Ռոն-Ալպի որոշման համար։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարներին, մտքեր փոխանակել տարածաշրջային հարցերի շուրջ:

Sputnik Արմենիա