Իրանցի նախարար․ Իրանը միշտ աջակցել է ՀՀ տարածքային ամբողջականությանը

Մեկօրյա ծրագրի ընթացքում մենք կարողացանք շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունենալ հայ պաշտոնյաների հետ. մասնավորապես էկոնոմիկայի նախարարի և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։

«Հարցեը, որ մենք քննարկեցինք, վերաբերում էր տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհի տարբեր հատվածների իրականացման գործընթացներին, և նաև Հայաստանի մուտքին Կասպից ծով: Սա շատ կարևոր այց էր»,-ասաց նա:

Իրանցի նախարարի խոսքով, շատ կարևոր էր, որ իրանական ընկերություններից մեկը կարողացավ պայմանագիր ստորագրել հայկական կողմի հետ՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հատվածներից մեկի կառուցման հետ կապված. «Դա կարևոր փաստաթուղթ է և շատ լավ հնարավորություն է իրանական ընկերությունների համար, քանի որ իրանական ընկերությունները ճանապարհաշինության ոլորտում ունեն շատ հարուստ փորձ և կկարողանան իրենց փորձը ներդնել ճանապարհաշինության ոլորտում: Բացի այդ, երկու երկրների ընկերությունները կարող են իրենց մասնակցությունն ունենալ միմյանց ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում»,-ասաց նա:

Մեհրդատ Բազրփաշը ընդգծեց, որ կարևոր հարցերից մեկը, որ քննարկվեց հայ պաշտոնյաների, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերաբերում էր ճանապարհավճարների զրոյացմանը. «Դա լավագույնս կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճին:

Նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի տարածքում մի շարք դպրոցների կառուցման հետ կապված: Առաջիկա ամիսների ընթացքում կիրականացվի ծրագրերի մի մասը»:

Իրանցի նախարարը հավելեց, որ հարցերից մեկը վերաբերել է տրանսպորտի ոլորտին, նաև բեռնատարների երթևեկության հարցին. «Քննարկվեց նաև Արաքս գետի վրա նոր կամուրջ ստեղծելու հարցը: Իհարկե, կողմերը պետք է կարողանան այդ ուղղությամբ առջիկա ամիսների ընթացքում վերջնական պայմանավորվածության գալ:

Մյուս կարևոր հարցը վերաբերում էր բանկերի կողմից տրամադրվող տրվող երաշխիքներին, ինչը կհեշտացնի ՀՀ-ում իրանական ընկերությունների գործունեությունը: Պարոն Նախարարն ինձ խոսք տվեց, որ այդ ուղղությամբ ներկայացուցիչ կնշանակեն, որ հետամուտ լինի յդ հարցին»,-ասաց նա:

Մեհրդատ Բազրփաշն ընդգծեց, որ Հայաստանն Իրանի համար բարեկամ երկիր է. «Երբևէ Հայաստանի կողմից մեզ վնաս չի եղել: Մեր հիմնական դիրքորոշումը միշտ եղել է Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելը: Խաղաղությունը շատ կարևոր է Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը կարող է լավ խթան լինել տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,-ասաց իրանցի նախարարը:

Հարցին, թե արդյոք Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող նոր կամրջի կառուցումը կարող է դիտրկվել որպես «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու Ադրբեջանի մտդրությունները զսպելու Իրանի քաղաքականության մի մաս, նա պատասխանեց. «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանն իր հստակ դիրքորոշումը հայտնել է: Իրանը հանդիսանում է լոգիստիկ և տրանսպորտի ոլորտում հնարավորությունների երկիր: Մենք Հայաստանի համար ոչ մի ջանք չենք խնայի և պատրաստ ենք մեր փորձը կիսել հայկական կողմի հետ»: