Երևանում մեկնարկել է «Ռուսաստան-Հայաստան. գործընկերություն հանուն ապագայի» մեդիա-ասամբլեան

«Լրագրողների համագործակցություն» մեդիա-կոնգրեսը «4 ձևաչափ» պրոդյուսերական կենտրոնի, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Ռուս-հայկական համալսարանի հետ միասին հոկտեմբերի 24-31-ին Երևանում կանցկացնի «Ռուսաստան-Հայաստան. գործընկերություն հանուն ապագայի» մեդիա-ասամբլեան։

Այն տեղի է ունենում Նախագահական դրամաշնորհների հիմնադրամի և Ռուսաստանի լրագրողների միության աջակցությամբ։

Միջոցառման նպատակը երկու երկրների միջև մասնագիտական փոխհարաբերությունների կարևորությունը և նշանակալիությունն ընդգծելն է։ Հանդիպման մասնակիցները կդառնան մինչև 35 տարեկան 50 երիտասարդ պրոֆեսիոնալներ՝ երկու երկրների առաջատար ԶԼՄ-ների հեռանկարային և տաղանդավոր հայ լուսանկարիչներ, բլոգերներ, ռեժիսոր- վավերագրողներ, մոուշն-դիզայներներ և հեռուստալրագրողներ։

5 օրվա ընթացքում մի քանի ռուս-հայկական կրեատիվ խմբեր կստեղծեն համատեղ մեդիա-արտադրանք Հայաստանի պատմության, մշակույթի, ավանդույթների, ինտելեկտուալների և նոր սերնդի արարողների արդի իրողությունների մասին, որոնք կհրապարակվեն Ռուսաստանի և Հայաստանի առաջատար դաշնային և մարզային ԶԼՄ-ներում։ Մուլտիմեդիա աշխատանքների հերոսներ կդառնան Հայաստանի Հանրապետության բնակիչները, որոնք կառաջարկվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» և Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից։

Ասամբելայի շրջանակում նախատեսված են նաև ռուս-հայկական արտադրության վավերագրական ֆիլմի նկարահանումներ՝ «Արարատի ստորոտին» պայմանական անվանմամբ։ Այն կմիավորի 20 տեսասյուժե ՀՀ նշանակալի բնակիչների մասին։ Առաջին ցուցադրությունները տեղի կունենան Երևանում և Մոսկվայում, որտեղ հեղինակներից և հերոսներից բացի կհրավիրվեն Ռուսաստանի և Հայաստանի դեսպանները, առաջատար լրագրողները, կինեմատոգրաֆիստները, հասարակական գործիչներ, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի մեդիա ոլորտի, ինտելեկտուալ և գործնական էլիտայի ներկայացուցիչներ։

News.am