ՆԳ նախարարը հրահանգել է 1 ամիս արցախցի վարորդների նկատմամբ լինել մեղմ ու չտուգանել
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պարեկային ծառայությանը հրահանգել է արցախցի վարորդների նկատմամբ լինել մեղմ և վարչական արձանագրություններ չկազմել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ Ղազարյանը նշեց, որ պարեկները պետք է բավարարվեն միայն նախազգուշացմամբ։ Խոսքը վերաբերում է սեպտեմբերի 21-ից սկսած մեկամսյա ժամկետին։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչների տրանսպորտային միջոցների վարելու հետ կապված վարչական արձանագրությունների վիճակագրական տվյալներ մենք չունենք, բայց ունենք և՛ գույքային, և՛ մարմնական վնասվածքներով պատահարների դեպքեր»,– ասաց նախարարը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին` կարող են առավել մեղմ լինել արցախցի վարորդների նկատմամբ և դիտարկել կիրառված տուգանքների չեղարկումը, կամ այլ լուծում գտնել։
Ղազարյանի խոսքով` նշված մեկամսյա ժամկետում կչեղարկվեն նաև տեսանկարահանող սարքերով արձանագրված խախտումները։
Sputnik Արմենիա