Պորտուգալիան և Գերմանիան պաշտպանել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Ժոաո Գոմես Կրավինյոն ասել է, որ իր կառավարությունը պաշտպանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիրքորոշումը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Իսրայելի իշխանությունների միջև սրվող վեճի ֆոնին:

«Մենք լիովին հասկանում և հետևում ենք Անտոնիո Գուտերեշի դիրքորոշմանը, որը միանշանակ էր, երբ դատապարտում էր ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը», - ասել է Գոմես Կրավինյոն պորտուգալական «Լուսա» լրատվական գործակալությանը։ «Չի կարելի ասել, որ Անտոնիո Գուտերեշը որևէ կերպ արդարացնում է ահաբեկչությունը»։

Պորտուգալիայի արտգործնախարարը նույնպես մերժել է Գուտերեշի հրաժարականի մասին Իսրայելի կոչերը։

Գուտերեշը նաև Գերմանիայի աջակցությունն է ստացել չորեքշաբթի Բեռլինում կառավարության խոսնակն ասել է, որ իրենք վստահում են ՄԱԿ-ի ղեկավարին, հաղորդում է Reuters-ը:

Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել էր, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի դաժան հարձակումը Իսրայելի վրա «դատարկ տեղում չի առաջացել», ինչը առաջացրել էր Իսրայելի բուռն արձագանքը:

Ի պատասխան ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը չորեքշաբթի առավոտյան իսրայելական ռադիոյին ասել էր, որ Գուտերեշի մեկնաբանություններից հետո երկիրը մերժել է վիզա տրամադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսին։ «Նրա խոսքերի պատճառով մենք կհրաժարվենք վիզաներ տրամադրել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին... Ժամանակն է նրանց դաս տալ»,- ասել է Էրդանը Army Radio-ին:

Գուտերեշը չորեքշաբթի վաղ առավոտյան շարունակել է իր ելույթը՝ ասելով, որ ՀԱՄԱՍ-ի «սարսափելի հարձակումները» «չի կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը»:

News.am