Կոստանյանը՝ Լավրովին․ Այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խնդիրը հարթակները չեն, մեր հիմնական նպատակը հարաբերությունների կարգավորումն է մեր հարևանների հետ և այո, այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատանքները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ արդեն որերորդ անգամ եվրոպական հարթակում չի հաջողվում հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև:
Անդրադառնալով «3+3» ձևաչափին, փոխնախարարը նկատեց. ««3+3» ձևաչափը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարթակ չէ, դա տարածաշրջանային համագործակցության հարթակ է»:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանը կարող է իր բախտը փորձել եվրոպական հարթակներում, եթե ուզում է, բայց քարտեզները գտնվում են Ռուսաստանում, Վահան Կոստանյանն ասաց. «Այն քարտեզները, որոնց մասին խոսվում է, այսինքն 1974-1978 թթ քարտեզների մասին, այդ քարտեզները կան, և հայկական կողմն է ծանոթ դրանց, և ադրբեջանական կողմը: Այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին»: