Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին Շիրակում 4 տոննա օգնություն է փոխանցվել ՌԴ-ից
ԼՂ–ից բռնի տեղահանված և ՀՀ Շիրակի մարզի Անի և Արթիկ համայնքներում բնակություն հաստատած ընտանիքներին Ռուսաստանից փոխանցվել է 4 տոննա ալյուր` որպես մարդասիրական օգնություն:
Օգնությունը հավաքել են Վոլգոգրադի «Բարեկամության տուն» կազմակերպությունը և Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը։
ՀՀ–ում «Ռուսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Անտոն Բերյանևը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ–ում մարդասիրական օգնության բաշխումն իրականացվում է Գյումրիում Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի կողմից։
«ՌԴ–ն չէր կարող անմասն մնալ, այդ պատճառով ցուցաբերել է և շարունակում է ցուցաբերել օգնություն»,– հայտարարել է Բերյանևը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ «Ռոսսոտրուդնիչեստվոն» բռնի տեղահանվածներին է փոխանցել պարենի և հիգիենայի պարագաների շուրջ 200 հավաքածու:
Նշենք, որ Անիի համայնքապետարանը օգնություն կբաշխի 88 ընտանիքի, իսկ Արթիկում և հարակից գյուղերում, որտեղ ապրում է 110 արցախցի ընտանիք, ալյուր կբաշխվի նրանցից ավելի քան 5 անձ ունեցող 40 բազմազավակ ընտանիքների: