Սպիտակ տուն. Իսրայելը պետք է պատասխանատվություն ստանձնի Գազայի անմեղ քաղաքացիների պաշտպանության համար

Իսրայելը պետք է պատասխանատվություն ստանձնի Գազայի անմեղ քաղաքացիների պաշտպանության համար, նույնիսկ եթե ՀԱՄԱՍ-ը նրանց օգտագործում է որպես կենդանի վահան, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը, հաղորդում է CNN-ը։

Իսրայելի կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ իր շարունակական գործողությունների ընթացքում ահաբեկիչներին խաղաղ բնակիչներից տարբերելու համար, ասել է նա։ «Համասը չափազանց դժվարացնում է կյանքը Իսրայելի համար՝ օգտագործելով խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան և տեղադրելով իր հրթիռային ու ահաբեկչական ենթակառուցվածքը խաղաղ բնակչության շրջանում», - ասել է Սալիվանը:

«Սա լրացուցիչ բեռ է դնում Իսրայելի վրա, սակայն չի նվազեցնում Իսրայելի պատասխանատվությունը միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ տարբերակել ահաբեկիչներին խաղաղ բնակիչներից և պաշտպանել անմեղ կյանքերը: Եվ սա Գազայի բնակիչների ճնշող մեծամասնությունն է»։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն փակ դռների հետևում բանակցություններ է վարում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։

News.am