Աղասի ԵՆՈՔՅԱՆ․ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՉԻ ԼԻՆԻ ՀՀ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ, ԱՅՆ ԿԱՆՑՆԻ ՌՈՒՍՆԵՐԻՆ

Պրոցեսներն ամբողջովին քաղաքական հեն, իրավական հետք անգամ չկա. Նիկոլը բռնում է և փորձում է նստացնել նրանց, որոնք ունեն բավականին բարձր հանրային ճանաչում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատավարությանը:

«Նա փորձում է ցույց տալ, որ կարևոր չէ՝ ինչ հոդված է, մի բան կսարքենք ձեր գլխին, և երկրորդը՝ բոլորդ իմացեք, որ նստացնելու ենք, վախեցեք ինձնից: Սա է այն հիմնական մեսիջը, որ նա հղում է հայ ժողովրդին նմանատիպ դատերով»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարին, Ենոքյանն ասաց. «Դա լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն ինքնին անհեթեթություն է, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի հայտարարվել, որ դրա ավարտի համար խաղաղության պայմանագիր կնքվի: Բայց կա երկու կարևոր հարցը, մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ այդ խաղաղության պայմանագրով «անկլավները» պետք է տրվեն Ադրբեջանին: Եթե տրվում են Ադրբեջանին, այնտեղ լինելու են ռազմական բազաներ, տեռորիստների բազաներ, այնտեղ խաղաղ բնակչություն չի լինելու: Սա ինքնին բերելու է մշտնջենական պատերազմի:

Նույնը Մեղրիի միջանցքի հետ կապված: Այն, ինչ այսօր է երևում, այդ միջանցքը չի լինելու Հայաստանի վերահսկողության տակ, ինչքան էլ ինքը (Փաշինյանը) ասի սուվերենություն: Միջանցքը լինելու է այնտեղ, որտեղ այսօր կանգնած են ռուս սահմանապահները, ուրեմն լինելու է իրենց վերահսկողության տակ: Մենք տեսնելու ենք, թե ինչպես է այդ միջանցքով տանկեր, հրթիռներ անցնում Թուրքիայից Ադրբեջան և ոչինչ չենք կարողանալու անել: Դա ամենևին չի նպաստում խաղաղությանը»:

Քաղաքագետը հիմարություն անվանեց «խաղաղության խաչմերուկի» գաղափարը. «Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում այստեղ խաղաղության հաստատել անհնար է եղած գործիքներով»:

News.am