ՀԱՄԱՍ-ը հրապարակել է պատանդների կոչն Իսրայելի ղեկավարությանը

ՀԱՄԱՍ շարժումն իր Telegram ալիքում հրապարակել է երեք պատանդների կոչն Իսրայելի իշխանություններին։

«Իզեդդին ալ-Քասամ բրիգադների» (ՀԱՄԱՍ-ի զինյալ թև) կողմից պահվող մի շարք սիոնիստ բանտարկյալներ ուղերձ են հղել Նեթանյահուին (Բենիամին Նեթանյահու – Իսրայելի վարչապետ) և սիոնիստական ​​կառավարությանը»,- ասվում է տեսանյութին կից տեքստում։ 

Կադրերում պատանդներից մեկը դիմում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Կնոջ խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի բանտարկյալները տառապում են «քաղաքական և ռազմական անհաջողության» և «ձախողման» պատճառով, որը Իսրայելի իշխանությունները թույլ են տվել հոկտեմբերի 7-ին։

«Ոչ մի զինվոր տեղում չի եղել, մեզ մոտ ոչ ոք չի եկել, մեզ ոչ ոք չի պաշտպանել, իսկ մենք՝ անմեղ ու միամիտ քաղաքացիներս, Իսրայել պետությանը հարկ վճարող քաղաքացիներս, այժմ «առանց պայմանների» պայմաններով գերության մեջ ենք», - ասում է գերին:

Ելույթի ավարտին կինը ճչում է և պահանջում ազատ արձակել իսրայելական բանակի կողմից գերեվարված պաղեստինցիներին, որպեսզի ՀԱՄԱՍ-ի պատանդները նույնպես վերադառնան իրենց ընտանիքներին։

Իր հերթին, իսրայելական Yedioth Ahronoth թերթը, մեկնաբանելով տեսաուղերձի տեսքը, նշում է, որ այն «հոգեբանական պատերազմի մաս է»՝ ընդգծելով, որ տեղեկություններ չկան, թե որտեղ, երբ և ինչ հանգամանքներում է նկարահանվել այս տեսանյութը։

Հոկտեմբերի 20-ին «Իզեդդին ալ-Քասամ բրիգադները» հայտարարեցին Կատարի միջնորդությամբ ԱՄՆ երկու քաղաքացիների ազատ արձակման մասին։ Հոկտեմբերի 23-ին այն ազատ է արձակել ևս երկու պատանդի։

Ինչպես հիշեցնում է ТАСС-ը, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հոկտեմբերի 29-ին հայտնել է, որ Գազայի հատվածում պատանդ պահվողների թիվը, վերջին թարմացված տվյալների համաձայն, առնվազն 239 է։

News.am