ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար 20,2 մլրդ դրամ է պետք
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականին նախատեսում է սկսել ատոմակայանի գործունեության ժամկետի կրկնակի երկարացման ծրագիրը։ Այս մասին 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը։
Նախարարի խոսքով` ծրագրի նպատակն է, որ ատոմակայանի աշխատանքի ժամկետը համապատասխան լիցենզիաներով ու թույլտվություններով երկարացվի մինչև 2036 թվականը։
«Այդ նպատակի համար նախատեսվել է 20,2 մլրդ դրամ»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը արդեն մի քանի տարի է շարունակվում է, և մի շարք աշխատանքներ շարունակելու ու ավարտելու համար 2024 թվականի բյուջեով նախատեսվել է 7 միլիարդ դրամ։
Սանոսյանը նաև տեղեկացրեց, որ 2024 թվականին էներգետիկայի ոլորտում բավական մեծ աշխատանքներ են նախանշված 58.3 միլիարդ դրամ գումարով։ Իսկ գումարների մեծ մասը նախատեսված է ենթավարկերով։
«Այդ գումարի հիմնական մասը ոլորտում կապիտալ ծրագրերի համար է (57.4 միլիարդ դրամ)։ Մասնավորապես ունենք էներգետիկական համակարգի զարգացման խոշոր ծրագիր, որի մեջ ներառվում են ինչպես մի շարք ենթակայանների վերակառուցումները կամ աշխատանքների շարունակումը, այնպես էլ հաջորդ տարի կավարտենք մրցութային գործընթացները և կսկսենք Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքները»,–ընդգծեց նախարարը։
Նա նշեց, որ հույս կա Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գծի առնվազն մեկի սկսելու մասով, քանի որ արդեն կան երկու ընկերություններ, որոնք պետք է գնառաջարկ ներկայացնեն։
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ֆինանսավորվել է ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցներով) այն երկարացվել է մինչև 2026 թվականը: Այս տարի կառավարությունը որոշեց վերազինել կայանը, որպեսզի շահագործման ժամկետը երկարաձգվի մինչև 2036 թվականը:
Sputnik Արմենիա