ՀՀ նախագահի աշխատակազմի պահման ծախսերը 2024թ. կավելանան 85 մլն դրամով

ՀՀ նախագահի աշխատակազմի պահման ծախսերը 2024թ. կավելանան 85 մլն դրամով։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 1-ին ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։

Լրացուցիչ 3 մլն դրամ, նրա խոսքով, նախատեսվում է հատկացնել աշխատավարձերի բարձրացմանը՝ պայմանավորված ստաժով, իսկ մնացած 82 մլն-ն՝ նոր ցանցային սարքավորմանը և հեռահաղորդակցային համակարգի ձեռքբերմանը։ «Մեր գործունեությունն ուղղված է այն բանին, որպեսզի հասարակությունն սկսի մեզ ընկալել որպես ապաքաղաքական, կայուն, հեղինակավոր, պրոֆեսիոնալ, հուսալի ինստիտուցիոնալ կառույց և ռազմավարական նախաձեռնությունների կարևոր օղակ»,- ասել է պաշտոնյան։ Աշխատակազմը պետք է իրականացնի ընդամենը մեկ ծրագիր և երկու միջոցառում։

Նախագահի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 1,771 մլրդ դրամ։ Համեմատության համար. 2023թ. հատկացվել է 1,686 մլրդ դրամ։

Պողոսյանը հավաստիացրել է, որ առկա սարքավորումները հնացել են և աշխատում են խափանումներով։ Դրանց փոխարինումը թույլ կտա պատշաճ կապ ապահովել հասարակության և ԶԼՄ-ների հետ։

News.am