Վրաստանում պարզաբանել են «3+3»-ին չմասնակցելը և կարևորել իրենց դերը տարածաշրջանում
Վրաստանն ինչ-որ առումով ցանկանում է տարածաշրջանում առաջատարի դեր ստանձնել։ Եվ հենց դրանով են պայմանավորված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թբիլիսիի ջանքերը։ Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի համար անընդունելի է «3+3» ձևաչափը, սակայն Թբիլիսին շարունակում է աշխատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, նաև շարունակում է Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի ձևավորման փորձերը:
«Վրաստանի համար «3+3» ձևաչափն անընդունելի է, մեր դիրքորոշումն անխախտէ. մինչև երկրի տարածքը օկուպացիայից չազատվի և Ռուսաստանը չճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, մենք չենք մասնակցի այդ ձևաչափին»,-ասել է Սամխարաձեն:
Սակայն դա չի նշանակում, որ Թբիլիսին դուրս է մնալու ներկովկասյան գործընթացներից։ Սամխարաձեն պարզաբանել է, որ Թբիլիսին ձգտում է դառնալ այն վայրը, որտեղ կստորագրվի/կհիմնադրվի մեծ խաղաղության մասին համաձայնագիրը: Վրաստանում կարևոր են համարում, որ Կովկասի «կլիման» նպաստի քաղաքական և տնտեսական համագործակցությանը։
Նա նաև անդրադարձել է Թեհրանում առանց վրացական կողմի «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով ընդունված մամուլի հայտարարության առաջին կետին:
Սամխարաձեն նշել է, որ դրանում ամրագրված է, որ երկրները ճանաչում են տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Sputnik Արմենիա