Զոհրաբյան. Չի՛ կարող լուծարվել Արցախի Հանրապետությունը. դեկտեմբերը կգա, կտեսնենք
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթը իրավական ուժ չունի, Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել։ Այս մասին Շահրամանյանի ու ԱԺ պատգամավորների հետ փակ քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Չի՛ կարող միջնորդավորված ընտրված նախագահը լուծարել հանրաքվեով անկախացած պետության գոյությունը։ Չի՛ կարող լուծարվել Արցախի հանրապետությունը։ Կգա դեկտեմբեր ամիսը, կտեսնենք»,–ասաց Զոհրաբյանը։
Զոհրաբյանը նշեց, որ փակ քննարկմանը եղել է նաև Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի կեղծ լինելու մասին հարցը , սակայն այլ մանրամասնեց նա չասաց` նշելով, որ հակառակորդն էլ կարող է դա լսել և իր հետևություններն անել կամ գործողություններ ձեռնարկել։
Հարցին` հնարավո՞ր է` Շահրամանյանը հրաժարվի իր ստորագրած հրամանից, փաստաբանը պատասխանեց.
«Իրավական ակտ ընդունած անձը ինքը կարող է մեկ այլ իրավական ակտով նույնիսկ անվավեր համարել իր նախորդ ընդունած իրավական ակտը։ Նման գործիքներ կան»։
Sputnik Արմենիա