Մետաքսե Հակոբյան․ Արցախի հարցը փակված չէ
Մենք փորձում ենք համակարգել և պահպանել արցախցիների հոգևոր ու արժեքային կապիտալը և դրա համար ինչ-որ կառույց է պետք. Քանի որ որպես քաղաքական ուժ գրանցվելու օրինական հնարավորությունը չունենք, հետևաբար, որոշել ենք հասարակական կազմակերպություն հիմնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Նպատակն է Արցախի կապիտալը պահպանելը, նկատի ունեմ ամեն ինչ անել, որ արցախահայերը չհուսալքվեն, չցանկանան լքել Հայաստանը, պահպանել ինքնությունը, մշակույթը, արժեհամակարգը: Նաև չհուսահատվել ու չհամարել, որ Արցախի հարցը փակվել է: Այդ ամենը պահելու համար պետք են գործիքակազմեր: Այս պահին մենք մտածում ենք, որ դրա համար ամենալավ տարբերակը ՀԿ հիմնելն է, որտեղ կարող են տարբեր ծրագրեր իրականացվել:
Մենք նպատակ ունենք նաև նախապատրաստում իրականացնելու հնարավորություն տալ Արցախի ուսուցիչներին, որոնք աշխատանք չեն կարողանում գտնել:
Մենք չենք համարում, որ Արցախի հարցը փակված է, և դրա համար այդ կապիտալը պետք է պահպանել մինչև որ Արցախի հարցը մեկնարկը տրվի կամ որևէ որոշում լինի»,-ասաց նա:
Հարցին, թե ովքեր են լինելու նոր ստեղծվող ՀԿ-ի կազմում, արցախցի պատգամավորը պատասխանեց. «Կազմում ես եմ լինելու, կլինի Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, մեր կուսակցության անդամները, կլինեն ուղղակի մարդիկ, որոնք համարում են, որ փակված չէ Արցախի հարցը»: