«Գազպրոմ Արմենիան» Արցախից բռնի տեղահանված 1300 ընտանիքի աջակցություն է տրամադրել

Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1300 ընտանիքի հատկացվել է միանվագ ֆինանսական աջակցություն։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։ Աջակցության ծրագիրն իրականացվել է երկու փուլով։

Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է 100 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Ֆոնդը ձևավորվել էր աշխատողների հանգանակություններից, ինչպես նաև ընկերության աշխատողների արհեստակցական կազմակերպության կողմից հատկացված միջոցներից։

«Ծրագրի առաջին փուլով՝ տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով, կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում էր տրամադրվել 600 ընտանիքի»,– տեղեկացնում են ընկերությունից։

Փոխհատուցումը նախատեսված է վեց ամիս ժամկետով։ Առաջնահերթությունը տրվել է բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։

Նաև հրատապ կերպով վերականգնվել են ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տան ենթակառուցվածքները` 45 տեղահանված ընտանիքների կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:

Sputnik Արմենիա