Առաջատար գիտաշխատողների աշխատավարձերը 2024թ. էապես կբարձրանան
Առաջատար գիտաշխատողների աշխատավարձերը 2024թ. էապես կբարձրանան և կհասնեն 420 հազար դրամի։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 2-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ աշխատավարձերի աճը 2021թ. համեմատ կազմել է 267 տոկոս։ Երկու տարի առաջ առաջատար գիտաշխատողն ստանում էր 114 հազար դրամ։ «Նախատեսվում է նաև ավելացնել գլխավոր գիտաշխատողների աշխատավարձերը։ Հաջորդ տարի դրանք կկազմեն 500 հազար դրամ։ Եվ դա՝ այն դեպքում, երբ 2021թ. գլխավոր գիտաշխատողը ստացել է ընդամենը 138 հազար դրամ»,- ասել է Անդրեասյանը։
Նախարարը նաև տեղեկացրել է գիտաշխատողների ատեստավորման համակարգի ներդրման պլանների մասին։ Դա, գերատեսչության ղեկավարի կարծիքով, թույլ կտա էապես բարձրացնել նրանց որակավորումը։
News.am