Միրզոյան․ Հայաստանի դիրքորոշումն է հասկանալ և հարթել Ռուսաստանի հետ առկա խնդիրները
Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի դիրքորոշումն է քննարկել առկա խնդիրներն ու հարթել դրանք։Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա շեշտեց` Ռուսաստանի Դաշնության հետ մենք բազմաոլորտ կապեր ունենք, բայց և երկու երկրների հարաբերություններում կան որոշ խնդիրներ։ Ըստ նրա` կան որոշ հարցեր, որոնց առնչությամբ Հայաստանը բավարարված չէ, զարմանում է` Ռուսաստանում էլ նույնպիսի վերաբերմունք կա ՀՀ–ի նկատմամբ։
Ըստ նրա` այն, ինչից ՌԴ գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականության, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում և այլ տեղերում։
«Մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հասկանալ, հարթել և բարեկամաբար, գործընկերաբար առաջ շարժվել։ Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով` Հայաստանն աշխատում է այդ ուղղությամբ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ այս գործում մենք կհաջողենք։ Միաժամանակ շեշտեց` սա միակողմանի գործընթաց չէ։
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները վերջին ժամանականերում հրապարակային մեղադրանքներ են ներկայացնում միմյանց հասցեին։ Հոկտեմբերի 23–ին էլ ռուսական «Առաջին ալիքի» եթերում հեռարձակված հաղորդման ընթացքում կոպիտ արտահայտություններ են հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ծրագրին մասնակցել է նաև «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՝ ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակված ֆիլմի համարը։
Sputnik Արմենիա