Փաստաբան․ Աշոտյանի անունից ՄԻԵԴ դիմում եմ ներկայացրել
Հայաստանի Հանրապետական կուսակցությանփոխնախագահ Արմեն Աշոտյանի անունից նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացրել։ Այս մասին Աթանեսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նա ընդգծել է, որ դիմումը վերաբերում է կալանավորման ապօրինությանը։
«Միաժամանակ ՄԻԵԴ-ին խնդրել եմ բացառության կարգով կիրառել միջանկյալ միջոց և պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Աշոտյանին: Դիմումի հիմքում դրված է հիմնավոր կասկածի ակնհայտ բացակայությունը, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կալանքի միջնորդություն քննելու իրավունք չունենալը, ինչպես նաև Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելը, ինչն ի թիվս այլոց, հաստատվել է եվրոպական երկու խոշորագույն կուսակցական միավորումների պաշտոնական հայտարարություններով»,– գրել է փաստաբանը։
Նա շեշտել է, որ միջանկյալ միջոց ՄԻԵԴ-ը, որպես կանոն, կիրառում է արտահանձման գործերով, երբ անձին սպառնում է մահապատիժ կամ խոշտանգում հանձնվող երկրում: Աթանեսյանը շեշտել է, որ դա դատարանի ընդհանուր պրակտիկան է, այդ իրավունքը չի սահմանափակվում ըստ գործի տեսակի, բացառություններ կան:
«Չգիտեմ, որքանով է տեղին այս օրինակը, բայց Ալեքսեյ Նավալնիի դեպքում ՄԻԵԴ-ը բացառություն արեց ընդհանուր պրակտիկայից և Ռուսաստանից պահանջեց այդ անձին անհապաղ ազատ արձակել»,– ասաց նա։
Փաստաբանը վստահ է` Աշոտյանի դեպքում առկա է բացառություն անելու հիմք: Միջանկյալ միջոցի հարցում Աթանեսյանը մեծ հույսեր չի կապում ՄԻԵԴ-ի հետ, որը, ցավոք, զուրկ չէ կրկնակի կամ եռակի ստանդարտների մոտեցումներից, սակայն համարում է, որ նման քայլերի դիմելը պարտադիր է, առնվազն հետագա շահարկումներից խուսափելու համար:
Ըստ նրա` իր պաշտպանյալը քաղաքական բանտարկյալ է, քրեական գործը և մեղադրանքը զավեշտալի են, էությամբ կատարյալ խայտառակություն և ծաղր` իրավաբանության հանդեպ:
Sputnik Արմենիա