Անալենա Բերբոք․ Գերմանիան Հայաստանին առաջարկում է ավելի խորը և սերտ համագործակցություն
Գերմանիան Հայաստանին առաջարկում է ավելի խորը, ուժեղ և սերտ համագործակցություն ունենալ, քան այսօր կա։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն ասաց այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշեց, որ Հայաստանն ու Գերմանիան այս ուղղությամբ մտքեր են փոխանակում և համագործակցության մեծ հնարավորություններ կան: Բերբոքն ընդգծեց, որ գործող աշխարհաքաղաքական պայմաններում շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լինի համաձայնեցված խաղաղության պայմանագիր, քանի որ տնտեսական հարաբերությունները կարող են էլ ավելի խորանալ նման պայմաններում:
«Ձեռնարկությունները ներդրումներ են կատարում հատկապես այն երկրներում, որոնց վստահում են, իրավական պետություններում։ Հայաստանի դեպքում դա կա, այստեղ կա երիտասարդ և ուժեղ ժողովրդավարություն»,– նշեց նախարարը։
Բերբոքն ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը լուրջ ներդրում կլինի հատկապես տարածաշրջանի տնտեսական զարգացման, ներդրումների ավելացման հարցում: Նրա խոսքով՝ այժմ առաջնային է խաղաղության հաստատումը, իսկ հետո արդեն տնտեսական հարցերը և նույնիսկ վիզային ռեժիմի դյուրացումը։
Sputnik Արմենիա