Երևանում ցույցերից հետո նախաձեռնվել է 34 քրգործ, ձերբակալվել է ակցիաների 64 մասնակից
Սեպտեմբերի 19-ին և դրան հաջորդող մի քանի օրերին Երևանում իրականացված զանգվածային հավաքների ընթացքում առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 34 քրեական վարույթ, ձերբակալվել է ակցիաների 64 մասնակից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 60 անձի նկատմամբ, որոնցից՝ 4-ը՝ անչափահաս, 2-ը՝ կին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ քննչական կոմիտեի՝ 46 անձի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցության համար՝ (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված), որոնցից մեկի դեպքում՝ իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության (ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդված) հետ համակցությամբ։
7 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու ատելություն կամ թշնամանք հրահրելու նպատակով նյութեր տարածելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար։
4 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել պաշտոնատար անձի (ոստիկանի) օրինական ծառայողական գործունեությանը, բռնության գործադրմամբ միջամտելու համար։
3 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել - խուլիգանություն կատարելու համար։
Մեղադրյալներից 42-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետագայում 14 անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով։
Հանրային քրեական հետապնդման ենթարկվող 8 անձ գտնվում է հետախուզման մեջ։
Ներկա պահի դրությամբ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 7 անձի վերաբերյալ 5 քրեական վարույթ, որոնցից 4-ի նյութերն արդեն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։
Մյուս քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։
Sputnik Արմենիա