Արցախցիների իրավունքների պաշտպանությունը կենսական անհրաժեշտություն է. հոգևոր խորհուրդ
Արցախցիներին ուղղված հոգևոր խնամատարական, հումանիտար և հոգեբանական աջակցության ծրագրերը պետք է շարունակական լինեն։ Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, այս մասին խոսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում։
«Անդրադառնալով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով Արցախի ամբողջական հայաթափմանը՝ ԳՀԽ-ն ընդգծեց բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության կենսական անհրաժեշտությունը։ Խիստ կարևորվեց արցախցիներին ուղղված հոգևոր խնամատարական, հումանիտար և հոգեբանական աջակցության ծրագրերի շարունակական իրագործումը, կեցության պայմանների բարելավման և զբաղվածության ապահովման ուղղությամբ աշխատանքների իրականացումը»,– ասված է հաղորդագրությունում։
Մտահոգությամբ անդրադարձ է կատարվել նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը։ Անհրաժեշտ է համարվել, որ միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական, այլև բոլոր հնարավոր այլ հարթակներում հետևողականորեն ներկայացվեն հայկական հուշարձանների, սրբավայրերի ու գերեզմանատների նկատմամբ արձանագրված ոտնձգությունները և աշխատանքներ իրականացվեն հայկական ժառանգության անխաթար պահպանության ուղղությամբ։
Նշենք, որ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ նախագահությամբ, տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
Sputnik Արմենիա