Փաստաբան․ Ներկա պահին լուծվում են Լևոն Քոչարյանի ազատ արձակման տեխնիկական հարցերը
ՍԴ որոշման հիմքով Լևոն Քոչարյանը, որ արդեն ստացել է ԱԺ պատգամավորի մանդատ, նույնիսկ մեկ րոպե ավել անազատության մեջ գտնվել չի կարող, նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Լևոն Քոչարյանի փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը:
«Ներկա պահին մենք ՔԿՀ-ում ենք, լուծվում են տեխնիկական հարցերը: ՍԴ-ի որոշման ուժով խափանման միջոցը այս պահին համարվում է վերացված: Այնպես չէ, որ անհրաժեշտ է դատախազի որոշումը խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ: ՍԴ որոշման մեջ նշված է նաև, որ այն պարտադիր է բոլոր պետական մարմինների համար, այդ թվում ՔԿՀ-ի:
Սակայն առկա է մեկ նախադեպ. Դուք կհիշեք ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի, նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի դեպքը, երբ ՍԴ-ի որոշումը եղավ, ֆորմալ առումով սպասել են դատախազի որոշմանը, որ զուտ ձևական տեսանկյունից ընթացակարգը պահպանվի և նրանք ազատ արձակվեն: Սա նույն տրամաբանությամբ է գնում, և մենք ստիպված ենք, չնայած դա իրավաչափ չէ, սպասել դատախազի որոշմանը խափանման միջոցի վերացման վերաբերյալ ի գիտություն հայտնելու տեղեկատվության տեսանկյունից, որպեսզի Լևոն Քոչարյանը դուրս գա:
Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է այդ գրությունը կազմվում մոտավորապես արդեն 2 ժամից ավելի»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով, կան գծեր, որոնք իրենք չեն կարող անցնել. «Տվյալ դեպքում իրենք այդ որոշումը, այդ գրությունը չեն կարող չկազմել և չուղարկել: Եթե չուղարկեն, դա լիազորությունների չարաշահում կարող է դիտվել: Լևոն Քոչարյանը ներկա պահին անօրինակն գտնվում է անազատության մեջ: Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված որևէ խոչընդոտ չի կարող լինել»:
Հարցին՝ դատախազությունը կարո՞ղ է մտնել ԱԺ Լևոն Քոչարյանին անձեռնմխելիություն զրկելու հարցով, Ալեքսանյանը պատասխանեց. «Տեսականորեն դատախազությունն այդ գործռույթն ունի, բայց քրեական դատավարության օրենսգիրքն ասում է, որ մեղադրյալը նույն գործով կարող է կրկին կալանավորվել միայն յնդ եպքում, երբ առկա է նոր էական հանգամանք, որը մինչ յդ հայտնի չի եղել: Տվյալ դեպքում որևէ նոր էական հանգամանքի մասին խոսք չի կարող լինել»:
Նշենք, որ ԿԸՀ որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։
Ինքնաբացարկների դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններս նիստին ներկա չեն եղել։
Այսպիսով, պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին։