Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ գերիների մասին տեղեկություն են տվել ընտանիքներին
Ադրբեջանում պահվող 16 գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների, ինչպես նաև խաղաղ բնակիչների ընտանիքներին նրանց առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Խոսքը սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց մասին է։
«Գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև նրանց լուսանկարները»,– ասաց խոսնակը։
Հայաստանի խնդրանքով ՄԻԵԴ–ը դիմել է Ադրբեջանին, Բաքուն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել է ՄԻԵԴ–ին։ Այդ տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է ՄԻԵԴ–ի միջոցով։
Հարցին, արդյոք 16 գերին խոշտանգվել են, կամ նրանց իրավունքները պաշտպանվում են, թե ոչ, Սամվելյանը նշեց` այդ մասով տեղեկություններ դեռևս չկան։
Նա միայն ընդգծեց, որ այժմ առարկությունների փուլն է, այսինքն, եթե հայկական կողմը գերիների վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, ապա առարկությունները կներկայացնի միջազգային դատարանին։