ՌԴ ԱԳՆ․ ՌԴ-ն առաջիկա օրերին Հայաստան կհասցնի 40 տոննա հումանիտար օգնություն
Ռուսաստանը առաջիկա օրերին Հայաստան կուղարկի 40 տոննա հումանիտար օգնություն։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք աջակցում ենք Հայաստանին և Ղարաբաղի հայերին հումանիտար ոլորտում։ Մասնավորապես՝ ՌԴ կառավարության գծով, հաշվի առնելով հայկական կողմի կարիքները, պատրաստվել է 40 տոննա հումանիտար օգնություն։ Հումանիտար բեռների մեջ է մտնում շարժական էլեկտրակայան, որը կարող է էներգիա մատակարարել տասնյակ տների։ Պատրաստվող հումանիտար ակցիան լրացնում է արդեն ձեռնարկված քայլերին ղարաբաղցի տեղահանվածներին օգնելու համար»,- տեղեկացրել է նա։
Նա հիշեցրել է, որ «Ռուսական հումանիտար առաքելություն»-ը Հայաստան է ուղարկել 6 տոննա պարեն՝ 500 մթերքների հավաքածուներ, 500 փաթեթ անձնական հիգիենայի միջոցներ, կենցաղային քիմիա։ Առաքելությունը Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության հետ համատեղ ցուցաբերում է նաև բարոյական և հոգեբանական օգնություն, ավելի քան 20 տոննա հումանիտար աջակցություն է ուղարկել «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը։
Զախարովան նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 20-21-ին 1,5 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Հայաստանի մի շարք քաղաքներ։ Ռուսաստանի հաղորդակցությունների ազգային հետազոտական ինստիտուտը նոյեմբերի 2-ին ուտելիք և տաք հագուստ է ուղարկել։ Ղարաբաղցիներին, որոնք հիմնվել են Սյունիքի մարզում մշտական հիմքով, օգնում են ԶՊՄԿ-ն և մի շարք այլ ընկերություններ և կազմակերպություններ։
News.am