ԿԳՄՍՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է. ՈՒՐԵՄՆ Ո՞Վ Է ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Նոյեմբերի 6-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում հայտնվեց հետևյալ հաղորդագրությունը. «ԿԳՄՍՆ-ն թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների (ֆիլմի-Մ.Գ) կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար իրականության հետ աղերս չունեցող տեսանյութը հերթական տեղեկատվական մանիպուլյացիան է»։

Բավական անշնորհք տեքստն ավարտվում է «ԶԼՄ մեր գործընկերներին» ուղղված կոչով՝ «չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը»։

Ավելի վաղ նույն օրը «ԳԱ» կայքում հրապարակվել էր հոդված՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի խնդրանքով». բացի Անդրեասյանից՝ ուրիշ քանի՞ խանում է աշխատում ԿԳՄՍՆ-ում» վերնագրով, որն, ի դեպ, լայն արձագանք հարուցեց սոցիալական ցանցերում։ Ամենայն հավանականությամբ, հենց մեր հրապարակումը կամ նաև մեր հրապարակումն է առիթ ծառայել նախարարության հաղորդագրության համար, ուստի հարկ ենք համարում շարունակել թեման։ Մանավանդ որ հարցը շատ կարևոր է և մեծապես վեր է Երևանում ինչ-որ նկարահանումների շրջանակներից։

Հիշեցնենք, որ հոդվածում խոսվում էր տելեգրամ-ալիքներում շրջանառվող այն տեղեկությունների մասին, որ «Իրևանի թաքցված ժառանգությունը» սադրիչ վերնագրով ֆիլմը ադրբեջանական նկարահանող խմբի կողմից նկարահանվել է Երևանում՝ ԿԳՄՍՆ-ի անմիջական աջակցությամբ, որին այդ խնդրանքով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: «Ֆիլմի նկարահանումները վերահսկել է մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը»,- պնդում էին աղբյուրները:

«Եթե ադրբեջանական ֆիլմի նկարահանումներին ԿԳՄՍՆ-ի աջակցության մասին պնդումը սուտ է, ապա սիրով կհրապարակենք հերքումը»,- ասված էր մեր հոդվածում, և «ԳԱ»-ն կատարում է իր խոստումը: Մի էական վերապահումով. մենք առանձնապես հակված չենք հավատալ նախարարությանը։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ դե ֆակտո կառավարությունը, որի մասն է կազմում տվյալ գերատեսչությունը, բառացիորեն թաղված է ստի մեջ։ Պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ վստահության բացակայության հիմնական պատճառը հենց ԿԳՄՍՆ-ի և դրա ղեկավարի գործունեությունն է, որը վաղուց արդարացիորեն մեղադրվում է վառ արտահայտված հակահայկական ուղղվածության մեջ:

Ոչ վաղ, քան երեկ այդ մեղադրանքները կրկին հնչեցին Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպովի շուրթերից, որն ուղիղ տեքստով հայտարարեց, որ ԿԳՄՍՆ ղեկավարը սպառնալիք է ազգային անվտանգությանը։ «Այն, ինչ կատարվում է կրթության համակարգում, կապված բուհական դասագրքերի, Հայոց պատմության դասագրքի հետ, երբ որոշել են, թե հայ ժողովրդի ծագումն սկսվել է Ուրարտուից, այլ ոչ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակից, խոսում է այն մասին, որ այո, միտումնավոր կերպով ամեն ինչ արվում է մեր հոգևոր անվտանգությունը խաթարելու, մեր ազգային արժեքները ոտնահարելու, սեփական պատմությունը մոռացնելու համար»,- հայտարարեց Ակոպովը՝ արտահայտելով հայ հասարակության զգալի մասի կարծիքը։

Բայց ենթադրենք, թե մենք հավատացել ենք հերքմանը, և նախարարությունն իսկապես բացարձակ անտեղյակ է եղել Կոնդ թաղամասում անցկացված նկարահանումների մասին։ Այդ դեպքում հարց է առաջանում. ուրեմն ո՞վ է թույլատրել և վերահսկել այդ գործընթացը։ Ո՞վ է կազմակերպել մեր մայրաքաղաքի և մեր երկրի պատմությունը խեղաթյուրող ու նենգափոխող, ըստ էության Հայաստանի նկատմամբ անթաքույց տարածքային նկրտում հանդիսացող և հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերադարձ» կանխագուշակող նկարահանումները:

Այն, որ թույլտվություն տրվել է և տեղում կազմակերպչական օգնություն է ցուցաբերվել ադրբեջանցիներին, կասկածի տակ առնելն անհնար է։ Այն, որ դա արվել է հենց պետական կառույցի կողմից՝ նույնպես։ Այլապես մնում է ենթադրել, որ ադրբեջանական հեռուստաալիքի ներկայացուցիչներն առանց որևէ խնդրի եկել են Հայաստան, օրը ցերեկով ու անարգել նկարահանումներ կատարել Կոնդում և հարցուփորձ արել դրա բնակիչներին, որոնք հաճույքով պատմել են ինչ-որ փչոցներ: Ո՞վ է Հայաստանում աջակցել հակահայկական ֆիլմի ստեղծմանը, եթե ԿԳՄՍՆ-ն ժխտում է իր մասնակցությունը. Երևանի քաղաքապետարա՞նը, ԱԱԾ-ն կամ այլ կառո՞ւյց։ Թե՞ համակողմանի աջակցությունը բխել է անձամբ Փաշինյանից, որը, մի շարք փորձագետների հավաստմամբ, արդեն թույլտվություն է տվել ադրբեջանցիներին «վերադառնալ» Հայաստան։

Ի դեպ, ոչ մի անգամ կառավարությունից ոչ ոք, այդ թվում ինքը՝ օկուպացիոն ռեժիմի ղեկավարը, չի հերքել այդ հաղորդագրությունները։ Եվ դժվար թե ողջամիտ քաղաքացիներից որևէ մեկը կասկածի դրանց արժանահավատությանը։ Կոնդում նկարահանումների հետ կապված այս միջադեպը դրա հերթական ապացույցն է, ուստի պատասխանատվությունից խուսափելու ԿԳՄՍՆ բոլոր փորձերը պարզապես անլուրջ են։ Եթե անգամ այդ կառույցի աշխատակիցներն իրենք չեն մասնակցել դրան և տեղյակ չեն եղել, ապա ավելի վատ, քանզի հարցը Անդրեասյան խանումի և նրա գերատեսչության անմիջական իրավասության տակ է։ Եվ եթե այնտեղ իսկապես համարում են, որ ֆիլմը խեղաթյուրում է Երևանի պատմությունը, ապա ինչո՞ւ լռեցին հոկտեմբերի 30-ին առաջին ցուցադրումից հետո, իսկ այնուհետ ընդամենը հերքեցին սեփական մասնակցությունը հայկական մամուլում հրապարակումներից հետո:

Առհասարակ այդ կառույցին բազում հարցեր կան տալու, հատկապես Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրի և Ադրբեջանի կողմից դրա ոչնչացման ու յուրացման անպատիժ քաղաքականության վերաբերյալ որևէ արձագանքի բացակայության առնչությամբ: Որպես նախարար իր պաշտոնավարման ողջ ընթացքում Անդրեասյանը շատ հազվադեպ է բարձրաձայնել այդ թեման, եթե ընդհանրապես արել է դա, չնայած Բաքվի վանդալիզմի բազմաթիվ ապացույցներին, որոնք հրապարակվել են լրատվամիջոցներում և սոցցանցերում: Իսկ վերջին շրջանում նա այդ թեմայով խոսել է ընդամենը երկու անգամ։

Առաջին անգամ՝ ֆրանսիացի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ, որը շատ ավելի հետաքրքրված էր և շատ ավելի համոզիչ էր խոսում, ուստի Անդրեասյանը ստիպված էր ինքն էլ մի երկու բառ ասել։ Եվ երկրորդ անգամ՝ ԱԺ հանձնաժողովում պետբյուջեի քննարկման ժամանակ, երբ ջերմեռանդորեն պաշտպանում էր մեծ միջոցներ ստանալու իր գերատեսչության իրավունքը՝ պնդելով, թե իրենք, իբր, միջոցառումների մի ամբողջ ծրագիր են պատրաստել Արցախի մշակութային ժառանգության մասին։

Ինչ-որ չենք տեսել արտասահմանում այդ թեմայով ԿԳՄՍՆ-ի կազմակերպված որևէ միջոցառում և խոստանում ենք ուշադիր հետևել, թե արդյոք ստացված գումարները ծախսվելու են հենց հայտարարված նպատակով: Սակայն և՛ նախարարության, և՛ Անդրեասյանի, և՛ ընդհանրապես Փաշինյանի կառավարության աշխատանքի «արդյունավետության» ամենախոսուն ցուցանիշ պետք է ճանաչել Արցախի բռնազավթված տարածքներում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքի իսպառ բացակայությունը։ Չենք խոսում արդեն այն մասին, որ երեք տարվա ընթացքում ՀՀ իշխանություններին չհաջողվեց հասնել կազմակերպության առաքելության այցի։ Ի հայտ է գալիս մի պարզ հարց. իսկ գուցե իրե՞նք էլ չեն ցանկացել ու չեն ցանկանում դա։

Եվ վերջինը, կրկին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված: Օրերս այդ կազմակերպության գլխավոր համաժողովի փոխնախագահ է ընտրվել Ադրբեջանի ներկայացուցիչը։ Բայց այդ աղաղակող փաստին արձագանքել է միայն մեկ մարդ, այն էլ ոչ Հայաստանում. ֆրանսիական Le Figaro թերթի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, որն այդ փաստն անվանել է խայտառակություն։ Իսկ այ ՀՀ ԿԳՄՍՆ-ն, դատելով ամենից, միանգամայն նորմալ է համարում նման ընտրությունը, քանի որ մի բառ անգամ չասացին ո՛չ Անդրեասյան խանումը, ոչ էլ իր աշխատակիցներից որևէ մեկը։ Տարօրինա՞կ է։ Ամենևի՛ն:

Ի դեպ, այսպես կոչված ՀՀ ԱԳՆ-ի ղեկավար կոչեցյալը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նույն այդ գլխավոր համաժողովի աշխատանքներին։ Հետաքրքիր է, Արաբատը գոնե կարտահայտվի՞ այդ կազմակերպության խայտառակության մասին, որը ինչպես եղել է, այնպես էլ մնում է կոռումպացված և գլխովին ծախված Ադրբեջանին…