Զախարովան արձագանքել է Հայաստանի վրա ճնշում գործադրելու մասին հրապարակումներին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումներին, թե Մոսկվան Երևանի վրա ճնշում է գործադրում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ, և անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը:

Նախորդ ճեպազրույցում Զախարովան հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է վերահսկեն Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը։ Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն ի պատասխան հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն այսօր խոսել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի մոտեցումների մասին:

«Այդ զրպարտությունները պարզապես ձանձրացրել են։ Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում տարածաշրջանի այս հատվածի վերաբերյալ, մենք խոսում ենք Ադրբեջանից դեպի Նախիջևան Հայաստանի Սյունիքի մարզով անցնող երթուղիների մասին։ Ես չեմ պատկերացնում, թե ինչի մասին են նրանք խոսում, երբ օգտագործում են «ճնշում» բառը։ Ո՞վ է ճնշում, ո՞ւմ վրա, ես չեմ կարողանում հասկանալ, հնարավոր է, որ նրանք ինչ-որ փաստեր ունեն, ուրեմն թող տրամադրեն»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով` Մոսկվան հանդես է գալիս ոչ թե ինչ-որ մի երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին, և որ դա տեղի ունենա փոխշահավետ պայմաններով:

Զախարովան նշել է, որ հենց այդպիսի աշխատանք է տարվում ի շահ Հայաստանի, Ադրբեջանի և նրանց հարևանների՝ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Երևանում այդ մասին շատ լավ գիտեն, և աշխատանքային խմբի գործունեությունը երբեք դժգոհություններ չի առաջացրել:

«Եռակողմ աշխատանքային խմբում հստակ ըմբռնում է եղել, որ երկրները պետք է ինքնիշխանություն և իրավասություն ունենան իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։ Երբեք խոսք չի եղել որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին, և դա քաջ հայտնի է նաև հայկական կողմին»,-ասել է Զախարովան։

Sputnik Արմենիա