ՀՀ ՄԻՊ-ը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանԱնահիտ Մանասյանը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Պաշտպանը անդրադարձել է առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են ՄԻՊ–ի արտահերթ նախնական զեկույցում։
Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ինչպես Հայաստանի ռուսական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից են։
«Ընթանում են պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև ռուսական համայնքի ներկայացուցիչներ»,– ասել է նա։
Կոպիրկինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Sputnik Արմենիա