Սի Ծինփինը ժամանել է ԱՄՆ. կայացել է ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հանդիպումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չորեքշաբթի միմյանց ձեռք են սեղմել, երբ հանդիպել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի շրջանակներում, հայտնում է AP-ն:
Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները խոսել են մեկ տարի առաջ, և դրանից հետո երկրների միջև առանց այն էլ լարված հարաբերություններն ավելի են վատթարացել։
Չորեքշաբթի օրվա բանակցությունների արդյունքը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ անհանգիստ աշխարհի համար, որը պայքարում է համաշխարհային տնտեսական հակասությունների դեմ, որոնք առաջացել են համավարակի, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում պատերազմների, Թայվանի առաջիկա ընտրությունների և այլնի հետևանքով:
Միացյալ Նահանգների և Չինաստանի առաջնորդները Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածքում իրենց անձնական հանդիպումը բացեցին ամուր ձեռքսեղմումով: Այնուհետև նրանք նստեցին մեկ երկար սեղանի մոտ միասին և ոչ թե առանձին-առանձին։
Բայդենն ասել է, որ հանդիպման նպատակը «իրար հասկանալն է»։
«Ինչպես միշտ, դեմ առ դեմ քննարկումներին ոչինչ չի կարող փոխարինել»,- ասել է ԱՄՆ նախագահը
«Մենք իրար վաղուց ենք ճանաչում։ Մենք միշտ չէ, որ համաձայնել ենք»,- հավելել է Բայդենը՝ խոսելով Չինաստանի առաջնորդի մասին։
Բայդենը նաև ասել է, որ չի ցանկանում «որևէ սխալ պատկերացում կամ թյուրիմացություն», և որ երկու առաջնորդները պետք է «ապահովեն, որ մրցակցությունը չվերաճի հակամարտության»:
Իր հերթին Սի Ծինփինը խոսել է կլիմայի փոփոխության դեմ պայքարում համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին, բայց նաև դատապարտել այն, ինչ անվանել է աճող «պրոտեկցիոնիզմ»:
News.am