Tech for Artsakh. շուրջ 300 արցախցի ՏՏ ոլորտում սովորելու հնարավորություն կունենան

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան կազմակերպությունները «Tech for Artsakh» նախաձեռնության շրջանակում դասընթացներ կանցկացնեն Արցախից տեղահանված մի շարք քաղաքացիների համար: Դասընթացները տևելու են 3-4 ամիս, ծրագրերը շատ են լինելու, յուրաքանչյուրի համար անհատական կրթաթոշակ է սահմանվելու:

«Armenian code academy» ընկերության գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ մտահղացումը եղել է դեռ հոկտեմբերի սկզբին, և այդ ժամանակ նախատեսվել էր 50 կրթաթոշակ տրամադրել:

«Ծրագիրը մեկնարկեցինք և մեզ դիմեց շուրջ 300 արցախցի երիտասարդ, որոնք ցանկանում էին կրթական ուղին սկսել տեխնոլոգիական ոլորտում: Մենք հասկացանք, որ 50 կրթաթոշակը քիչ է, դասընթացների ոլորտներն էլ ենք ընդլայնել: Բոլոր ընկերությունները, որոնք միացել են մեզ, առաջարկում են մի շարք մասնագիտություններ` ծրագրավորման լեզուներ, թեստավորում և այլն»,- նշեց նա։

Նախաձեռնությանը միացել է 9 ընկերություն, սակայն մի քանիսի հետ էլ դեռ քննարկումներ են ընթանում:

Սարգսյանն ընդգծեց, որ դասընթացներին մասնակցելու համար դիմողները պետք է թեստ լրացնեն, ինչից հետո էլ ավելի պարզ կդառնա՝ որ մասնագիտությունն ավելի հարմար կլինի:

Դասընթացից հետո կազմակերպությունները փորձելու են ամեն կերպ աջակցել մասնակիցներին, որպեսզի հնարավորինս հեշտ կարողանան աշխատանք գտնել: