ԼՂ-ից բռնի տեղահանված 1143 քաղաքացի շարունակում է բնակվել ժամանակավոր կացարաններում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 1143 քաղաքացի շարունակում է բնակվել ժամանակավոր կացարաններում։ Այս մասին հումանիտար կենտրոնում անցկացված ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Նրա խոսքով` քաղաքացիների մյուս մասն էլ տներ են վարձակալում կամ տեղափոխվում բարեկամների տներում ապրելու։ Տերտերյանը նշեց, որ մոտ ապագայում իրավիճակն ավելի կկայունանա։
Նա հավելեց, որ կառավարությունը նոյեմբերի 17-ի դրությամբ համայնքներին 3,4 մլրդ դրամ է հատկացրել, բացի դրանից էլ Սյունիքի մարզպետարանն առանձին 579 մլն դրամ է ստացել։
«Այս միջոցները տրամադրվել են քաղաքացիների առաջին անհրաժեշտության ապահովման համար։ Տրամադրված գումարների ավելի քան 83 %–ն արդեն ծախսվել է»,– ասաց Տերտերյանը։
ՏԿԵ փոխնախարարն ընդգծեց, որ հումանիտար բեռների պահեստավորման առնչությամբ աշխատանքներ են տարվում։ Այդ բեռները ստացվել են Լեհաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Լիտվայից, Արգենտինայից։
Sputnik Արմենիա