ՄԱԿ․ Իսրայելը թույլատրել է օրական 70 հազար լիտր վառելիք մատակարարել Գազայի հատված

Իսրայելը համաձայնել է, որ Եգիպտոսով օրական 70 հազար լիտր վառելիք մտնի Գազայի հատված։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչության զեկույցում։

«Նոյեմբերի 19-ին Եգիպտոսից Գազա է մտել 69 հազար լիտր վառելիք։ Իսրայելի իշխանությունները հաստատել են, որ կսկսեն թույլատրել Եգիպտոսից օրական մոտ 70 հազար լիտր վառելիքի ներկրումը, ինչը զգալիորեն ցածր է հիմնական մարդասիրական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ նվազագույն պահանջներից»,-ասվում է փաստաթղթում։

Հստակեցվում է, որ պաղեստինցի փախստականների օգնությամբ զբաղվող գործակալությունը նախատեսում է վառելիքը բաշխել հիվանդանոցներում, ջրամատակարարման և սանիտարական օբյեկտներում, ապաստարաններում և այլ ծառայություններում պարենի բաշխման ու գեներատորների աշխատանքը պահպանելու համար:

Sputnik Արմենիա