ՀՀ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու աշխատանքները շարունակվում են

ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու ուղղությամբ աշխատանքները, կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նախկինում ընդունված որոշումների համաձայն, շարունակվում են։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության տարածած մեկնաբանությունում։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել էր, որ Հայաստանը կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն տրամադրելու մասին փաստաթղթերը։

Նշվում է, որ մինչ այժմ մշակվում էր երկու փաստաթուղթ՝ կապված Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հետ։

«Խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծերին և այդ տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին աջակցող ԱԳՆ ղեկավարների հայտարարությանը։ Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է քննարկումից հանել հայտարարության նախագիծը», - ասված է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանության մեջ:

Sputnik Արմենիա