ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 1800 ուսանող արդեն սովորում է ՀՀ բուհերում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1837 ուսանող արդեն իսկ ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում։ Այս մասին հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

«Ներկայում ուսանողների կողմից ներկայացված, բուհերից ներկայացված ու մեր կողմից ստացված տեղեկությունները նույնականացվում են միասնական սոցիալական ծառայության և ԼՂ–ից ստացված տվյալների հետ։ Դրանից հետո կսկսենք կրթաթոշակների տրամադրման գործընթացը»,– նշեց Հայոցյանը։

Նա նաև նշեց, որ օրերս էլ հաստատվել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական, հանրակրթական և բուհերի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակների տրամադրման կարգը։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը շեշտեց, որ այժմ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ ՀՀ բուհերում սովորող ուսանողների ուսման վճարների փոխհատուցման կարգը։

Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսանողների ընդհանուր թիվը 4600 է։

Sputnik Արմենիա