«Կովերի պարտեզ» հողատարածքում հայ երիտասարդների վրա հարձակում է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երուսաղեմի «Կովերի պարտեզ» հողատարածքի շուրջ ծագած թնջուկը չի հանգուցալուծվում. համայնքը և պատրիարքությունը շարունակում են պայքարել հողատարածքը հայ համայնքին վերադարձնելու համար: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ NEWS.am-ին մանրամասներ է հայտնել Հայ համայքնի ներկայացուցիչ Հակոբ Ճռնազյանը:
««Կովերի պարտեզ» հողատարածքը վարձակալությամբ է տրված երկու տարի առաջ, բայց սրանից մեկ ամիս առաջ Երուսաղեմի պատրիարքությունը որոշել էր չեղարկել այս գործարքը Դենիել Ռուբինշտեյնի հետ, որովհետև այս գործարքը Երուսաղեմի հայոց թաղամասի ամբողջականությունը խախտել է և կարող է խախտել, ինչպես նաև Երուսաղեմի հայոց պատրիարքությանը նյութական օգուտ և դրական արդյունքներ չի կարող բերել: Հոկտեմբերի 26-ից «Զանա քեփիթըլ» ընկերությունը տրակտորներ է բերել, որոնք անօրինական շինարարություններ են սկսել հողատարածքի վրա:
Ընկերության մեքենաները քանդել են պատը, բայց մենք կանգնեցրել ենք տրակտորների աշխատանքները, համայնքը և պատրիարքությունը միասնաբար իրար հետ կանգնեցրել են իրենց գործերը»,- հայտնեց նա:
Ճռնազյանի խոսքով՝ վերջին 3 շաբաթների ընթացքում հայ երիտասարդները պաշտպանում են հողատարածքը, հսկում են հողատարածքը գիշերվա ընթացքում:
«Վերջին շաբաթվա ընթացքում հարձակումներ են եղել մեր համայնքի անդամների և հոգևոր դասի վրա, բայց կարողացել ենք կանգնեցնել: Սրանից մի քանի օր առաջ հարձակուներից մեկի պատճառով մեր երիտասարդներից 4 հոգի ձերբակալվել են ոստիկանության կողմից, չնայած որ ոչ մի պատճառ չկար ձերբակալելու: Այսօր արդեն նրանք ազատ են արձակվել»,- ասաց նա:
Հայ համանքի ներկայացուցիչը նշեց, որ այժմ համայնքի պատրիարքությունը կդիմի գործնական քայլերի, որպեսզի չեղարկվի պայմանագիրը և այս հողատարածքը վերադառնա հայերի ձեռքը: