Աբդուլ Լատիֆ Ռաշիդը Ամենայն հայոց կաթողիկոսին հրավիրել է Իրաք

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդին, հայտնում են Մայր աթոռից։

Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Իրաքի իշխանություններին` համայնքի և նրա ազգային-հոգևոր կյանքի նկատմամբ հոգածու ուշադրության համար։

«Հանդիպմանը հայոց հովվապետն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ու ցեղասպանական գործողություններին, որոնց հետևանքով արցախահայությունը ենթարկվեց բռնի տեղահանության, ներկայացրեց երկրի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները»,–ասված է հաղորդագրության մեջ։

Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդը տեղեկացրել է, որ իր պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում առավել ամրապնդել ու զարգացնել երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։ Նա գոհունակությամբ ընդգծել է, որ Իրաքի հայ համայնքը ևս իր կարևոր մասնակցությունն է բերում երկրի առաջընթացի կերտման գործում։

Ջամալ Ռաշիդը հաստատել է, որ Իրաքի իշխանությունները հետևողական ջանքեր են գործադրում ապահովելու երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ գոյակցությունը և նրանց իրավունքների պաշտպանությունը։

Նախագահ Լատիֆ Ջամալ Ռաշիդն Ամենայն հայոց հայրապետին հրավիրել է Իրաք։

Նշենք, որ Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի այցը պատմական է, քանի որ նա Իրաքի առաջին նախագահն է, որ այցելում է Հայաստանի Հանրապետություն:

Sputnik Արմենիա