ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ ՎԱՐԿ ՄՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական Միությունը (ԵՄ) Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում Հայաստանի միկրո, փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների վերավարկավորման ծրագրի շրջանակներում: Ֆինանսական փաթեթը նախատեսված է Հայաստանում աճի, մրցունակության և կանաչ տնտեսության զարգացման համար: Պայմանագիրը կնքվել է Երևանում, նոյեմբերի 24-ին:

Փաթեթը ներառում է երկու վարկ ՎԶԵԲ-ից: Այս գումարի կեսը վերավարկավորման տեսքով կտրամադրվի հայկական ընկերություններին` նրանց աճն ու զարգացումը խթանելու նպատակով, իսկ մյուս 10 միլիոն ԱՄՆ դոլարը կօժանդակի էկոլոգիապես մաքուր սարքավորումների և ԵՄ չափանիշներին համապատասխանեցման համար արտադրության արդիականացմանն ուղղված ներդրումներին:

Ֆինանսավորումը կօգնի վարկառուներին բարձրացնել իրենց մրցունակությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում և դիվեսիֆիկացնել իրենց արտահանման շուկաները: Այս ամենին զուգահեռ տրամադրված միջոցները կաջակցեն աշխատանքի պահպանության և անվտանգության միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր գործելակերպի և ռեսուրսների օգտագործման արդյունավետության ներդրմանը: Վարկի ոչ պակաս, քան 70%-ը կուղղվի «կանաչ» տեխնոլոգիաների ֆինանսավորմանը:

Բացի այդ, վարկառուները կստանան անվճար օգնություն միջազգային խորհրդատուների կողմից և իրենց ներդրումային ծրագրերի ավարտից հետո կօգտվեն գումարի վերադարձի (cash-back) արտոնություններից: Երկու վարկերն էլ ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում և նպաստում են Արևելյան գործընկերության (ԱյԳ) տնտեսական և ներդրումային ծրագրի նպատակներին, որոնք ներառում են աջակցությունը Հայաստանում 30,000 ՓՄՁ-ներին։

 Ֆրենսիս ՄալիժՊայմանագրի ստորագրման արարողության ժամանակ Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժն իր խոսքում ասաց.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօրվա ստորագրմամբ Արդշինբանկը միացել է մեր ֆլեգշիփ ծրագրին, որի նպատակն է տեղական ընկերություններն ավելի «կանաչ» և ավելի մրցունակ դարձնել թե՛ տեղական և թե՛ միջազգային ասպարեզներում: Մեր ֆինանսական գործընկերոջ հետ այս համագործակցությունը մեր երկարամյա դոնորի՝ Եվրամիության աջակցության հետ մեկտեղ, թույլ է տալիս մեծացնել հայկական ընկերություններին տրամադրվող մեր աջակցությունը: Ակնկալում ենք ավելի շատ հայկական ապրանքներ և հայկական ապրանքանիշեր տեսնել համաշխարհային շուկայում»:

 Լոուրենս ՄերեդիթԵվրոպական Հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթը նշեց, որ Եվրամիությունը հպարտ է աջակցելու այս նոր արտոնյալ վարկային գծին, որը կնքում են ՎԶԵԲ-ը և Արդշինբանկը:

«Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի համար մեր տնտեսական և ներդրումային ծրագիրը գործուն է»։

 Արտակ ԱնանյանԱրդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը շնորհակալություն հայտնեց ՎԶԵԲ-ին և Եվրամիությանը արդյունավետ համագործակցության և Արդշինբանկին վստահելու համար՝ մասնավորապես նշելով. «Մեզ համար մեծ պատիվ է շարունակել համագործակցությունը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ, որն Արդշինբանկի վաղեմի գործընկերն է: ՄՓՄՁ հատվածը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման առաջխաղացման և աշխատատեղերի ստեղծման համար: Մեր լայնամասշտաբ տարածաշրջանային ցանցի շնորհիվ այս միջոցների զգալի մասը ռազմավարական իմաստով կուղղվի շատ շրջաններում ՓՄՁ-ների ուժեղացմանը»։

Արդշինբանկի ղեկավարը հատուկ ընդգծեց Եվրամիության դերը Հայաստանում «կանաչ» վարկավորման և դրա էկոլոգիական անվտանգության աջակցման գործում: Այդ միջոցները Ա.Անանյանի խոսքով, ունեն ռազմավարական նշանակություն Արդշինբանկի համար և կնպաստեն կանաչ վարկավորման ծավալների մեծացմանը ամբողջ հանրապետության տարածքում:

Հիշեցնենք, որ 1992 թ.-ին մեկնարկած իր գործունեության սկզբից ՎԶԵԲ-ն Հայաստանում ֆինանսավորել է 207 նախագիծ ավելի քան 2 մլրդ. Եվրո գումարի չափով: ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի ֆինանսավորման ծրագիրը հանդիսանում է «ԵՄ-ն բիզնեսի համարՎԶԵԲ-ի վարկային գիծ» համատեղ ծրագրի մի մասը, որի համար ՎԶԵԲ-ը գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ֆինանսավորում է տրամադրում ՄՓՄՁ-ներին, մինչդեռ ԵՄ-ն լրացնում է՝ խրախուսական դրամաշնորհների և տեխնիկական աջակցության տեսքով։ Այս ծրագիրը նաև հասանելի է Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Галерея (5 фото)

Основная тема:
Теги: